Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից արտոնված գեյ-շքերթի մոտ 50 մասնակիցներ հարձակման են ենթարկվել ակցիային դեմ հանդես եկող 200 անձանց կողմից: Ինչպես հայտնում է Грузия online-ը, շքերթի մասնակիցները հասցրել են անցնել նախապես գծված ճանապարհի ընդամենը 1 կիլոմետրը: Նրանց չի հաջողվել դուրս գալ կենտրոնական Ռուսթավելի պողոտա:
Շքերթի մասնակիցները հայտարարել էին, որ չեն ցանկանում լեզվակռվի մեջ մտնել կամ ֆիզիկական բախման գնալ իրենց ակցիայի դեմ պայքարողների հետ: Շքերթի մասնակիցներից մեկը «Ինտերպրեսնյուզին» հայտնել է, որ, լինելով միասեռական, վիրավորանքների է ենթարկվում հանրության կողմից: Նրա խոսքով` հենց այդ վերաբերմունքի դեմ է բողոքի ակցիա:
Մայիսի 17-ի` հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով անկացվող շքերթի մասնակիցների վրա հարձակում էին գործել վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները և արմատական տրամադրված նրանց համակիրները, ինչպես նաև շարքային թբիլիսցիները և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչներ, որոնք թույլ չեն տվել ցուցարարներին մտնել Ռուսթավելի պողոտա:
Լեզվակռվի ընթացքում մի քանի փոքր բախումներ են տեղի ունեցել, որից հետո իրավիճակին միջամտել են գեյ-շքերթն ուղեկցող պարեկային ոստիկանական ուժերը: Շքերթի երեք մասնակիցներ ձերբակալվել են կենտրոնական փողոցի երթևեկը փակելու փորձի ժամանակ: Նրանց արդեն բաց են թողել:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ Վրաստանի բնակչությունը չի առանձնանում սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությամբ, և նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումներն ամենօրյա բնույթ են կրում: