Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հինգշաբթի գովել է ինքնավար հանրապետության կառավարությանը և առանց որևէ բացատրության հայտարարել այն ցրելու որոշման մասին:
Փորձագետները կարծում են, որ այս քայլով Չեչնիայի ղեկավարն իր նվիրվածությունն է ցուցադրում ռուսաստանյան իշխանություններին:
«Նախարարների կաբինետը հսկայական աշխատանք է կատարել, լուծել է շատ բարդ խնդիրներ: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ կառավարության աշխատանքից»,- ասել է Կադիրովը:
Նրա խոսքով` երկրի առջև նոր խնդիրներ են ծառանում, որոնց լուծմամբ այլևս կզբաղվի նոր կառավարությունը:
«Բնականաբար, դրանց լուծման համար նոր մոտեցումներ, ռազմավարություն և մարտավարություն է պետք: Այս խնդիրների հաջող իրականացման համար անհրաժեշտ է փոփոխություն մտցնել կառավարությունում: Այդ իսկ պատճառով համապատասխան որոշում եմ ստորագրել և այսօրվանից հանրապետության կառավարությունը ցրվում է»,-պարզաբանել է Կադիրովը:
Փորձագետները ռուսաստանյան իշխանական վերնախավում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում տրամաբանական են համարում Կադիրովի քայլը: