«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 42 օր հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանին այսօր Գորիսից տեղափոխել են Կապան, որպեսզի մասնակցի դատական նիստին, որն այդպես էլ չի կայացել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կապանում գտնվող մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ով տարակուսած նշել է, որ որդուն տեսնելուց հետո ինքը հայտնվել է աննկարագրելի վիճակում:
«Փաստորեն ես պետք է բաց աչքերով նայեմ, թե ոնց է իմ երեխեն մեռնում: Տղայիս 70 կիլոմետր ճանապարհ են բերել՝ առանց բժշկի հսկողության, պատկերացնու՞մ եք: Զարմանում եմ՝ այդքան ոլորաններին ո՞նց է երեխես դիմացել. մնացել են Սուրենիս կաշին ու ոսկորները: Մտել եմ քրեակատարողական հիմնարկի պետի մոտ ու հարց տվել՝ ո՞նց եք իմ հիվանդ, ուժասպառ երեխուն առանց բժշկի տեղափոխել, ինչ իրավունքով, նա էլ պատասխանեց՝ ձեր տղան իրեն շատ լավ է զգում, ճնշումը 100/80 է, այն դեպքում, երբ Սուրենի ճնշումը 70/40 էր: Երեխուցս ինչ ա մնացել: 95 կիլոգրամ քաշով տղայիս դարձրեցին կմախք Ասում են՝ տղաս հանցագործ է, ուրեմն էս ամբողջ հանցագործ երկրում երեխես կրա՞կն է ընկել», – ասել է Զվարթ Կիրակոսյանը:
Նա նշել է, որ Սուրենն այս պահին ոստիկանությունում է և իրեն շատ վատ է զգում:
«Փաստաբանն ասաց, որ շտապ օգնություն է եկել, որպեսզի առաջին օգնություն ցուցաբերեն, սակայն վստահ չեմ կարող ասել, թե այս պահին ինչ է կատարվում. տեսակցություն թույլ չեն տալիս, սպասում ենք, որ փաստաբանը մտնի մոտը, տեսնենք՝ ին՞չ են անելու», – պատմել է մայրը՝ նշելով, որ այսօր տղայի հետ հեռախոսով հասցրել է ընդամենը մի քանի բառ փոխանակել:
«Երեխես չկարողացավ խոսել, միայն ասաց՝ մամ ջան, լավ մնա, ու անջատեց» – ասել է լացակումած մայրը:
Այս պահին Սուրեն Կիրակոսյանին Կապանից տեղափոխում են Գորիս: Ինչպես Epress.am-ին հայտնել է զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը, տիկին Զվարթը ևս գնում է Գորիս` ՔԿՀ-ի հիմնարկի պետին խնդրելու տեսակցություն որդու հետ: Մայրը պատրաստվում է համոզել նրան դադարեցնել հացադուլը:
Հիշեցնենք, որ Սուրենը զորակոչվել է 2009թ. հունիսին, թեև ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են` ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր:
Որոշ ժամանակ ծառայելուց հետո տղայի առողջական վիճակը վատացել է: Զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: 5 ամիս Սուրենը տանն է անցկացրել, հետո նրան` մեկ տարի 27 օր ՀՀ-ում փնտրելուց հետո հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է, սակայն նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: