Regnum ռուսաստանյան լրատվական գործակալության նախկին գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը (լուսանկարում) հերքել է այն տեղեկատվությունը, թե գործակալության նոր համասեփականատերը Հայաստանի քաղաքացի է:
«Մարգինալ ԶԼՄ-ների և բլոգերի կողմից անընդհատ փաթաթվող «տեղեկատվությունը», որը զարմանալի պատրաստակամությամբ տարածում են Ադրբեջանում, թե Regnum գործակալության համասեփականատեր է դարձել Հայաստանի քաղաքացի կամ անգամ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գիտակցված սուտ է», – Կոլերովի խոսքերը փոխանցում է Regnum-ը:
Գործակալության նախկին խմբագրի և համասեփականատիրոջ խոսքով` այդ սուտն ակնհայտ է անգամ այն տարածողների համար, քանի որ նրանք չեն էլ փորձել վաճառողի կամ գործակալության հետ կապվել հաստատում կամ հերքում ստանալու համար:
«Ավելին` ստի ցածր մակարդակը վառ օրինակ է այն մարդկանց ինտելեկտուալ հետընթացի, ովքեր այդ սուտը տարածում են», – ասել է Կոլերովը:
Նշենք, որ Մոդեստ Կոլերովն իր մասնաբաժինը վաճառել է կիպրական ընկերությանը: Հայաստանցի գնորդի մասին հաղորդել էր «Հայացք» թերթը:
Գործակալության նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Վիգեն Հակոբյանը, ով նախկինում աշխատել է գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ:
Regnum-ը, իր հերթին, հայտարարել էր, որ գործարքի պայմանների համաձայն, գործակալությունը չի փոխելու խմբագրակազմի հիմնական մասը և քաղաքականությունը: