Մայիսի 17-ին ձերբակալվել է Վրաստանի խորհրդարան այցելած քաղաքացին, ով փորձել է հրդեհել հաստատության աշխատասենյակներից մեկը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Հաղորդման մեջ ասվել է, որ հակաօրինական գործողություններ իրականացնել փորձած անձը միջին տարիքի տղամարդ է, որի անունը Գեորգի Չիխլաձե է:
Նախնական տվյալներով` նա այրել է թուղթը և նետել ընդունարան, որտեղ այդ պահին մի քանի աշխատակիցներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն, ինչպես գրում է «Georgia Online»-ը, սենյակում այրվել է կահույքի մի մասը:
Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածը մի քանի թանկարժեք վիրահատությունների կարիք ունի: Նա դիմում է ներկայացրել խորհրդարան, որում խնդրել է ընդգրկել իրեն սոցիալական ծրագրի մեջ և հոգալ իր բուժման ծախսերը:
Չիխլաձեն պնդում էր, որ փորձել է ինքնահրկիզվել, և ոչ թե հրդեհել աշխատասենյակը: Տղամարդն իր արարքը բացատրել է նրանով, որ իշխանությունները հրաժարվել են հոգալ իր բուժման ծախսերը, իսկ անձնական միջոցներ նա չունի: