Մայիսի 17-ին ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԱՄՆ նախագահին և դաշնային Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հայտնում է «Ասպարեզը»:
Բանաձևը խրախուսում է նաև հանրապետությանը՝ «որպես ազատ և անկախ ազգ զարգանալու շարունակական ջանքերը», միաժամանակ, դրական է գնահատում Արցախի՝ «միջազգային հանրությանը կառուցողաբար ներգրավված լինելն ու գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրների տևական լուծմանն ուղղված ջանքերը»:
«Երախտագիտությունս եմ հայտնում Ռոդ Այլենդի Կոնգրեսին ի նպաստ Ղարաբաղի ազատության ձգտման այս բանաձևն ընդունելու համար, և հույս ունեմ, որ մարդու իրավունքների և արդարության մեր ընդհանուր արժեքների ճանաչումը օրենսդրի կողմից օրինակ կծառայի ԱՄՆ-ի այլ օրենսդիր մարմինների համար»,-անդրադառնալով Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին` ասել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Նիստի ընթացքում տասնյակ ամերիկահայեր գտնվում էին խորհրդարանի դահլիճում:
«20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կռվեց ու զոհվեց հանուն իր անկախության՝ ձերբազատվելով խորհրդային ազերիական ռեպրեսիայից և խտրականությունից: Այսօր ես միանում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` ճանաչելով նրանց անկախության նվաճման, Հանրապետության բանակի ձևավորման և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը:», – ասել է կոնգրեսական Սիսիլայնը: