Նոյան տապանը կարող է գտնվել Մեծ և Փոքր Արարատների միջև ընկած խոռոչում, կարծում է ռուսաստանցի հայտնի ժայռամագլցող, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Շատաևը, ով երկար ժամանակ է` զբաղվում է Տապանի որոնումներով:
«Եթե Տապանը գտնվում է Արարատ լեռան վրա, ապա միայն արգելված գոտում: Այնտեղ, որտեղ, իմ ենթադրությամբ, գտնվում է գաղտնի ռեժիմային օբյեկտը», – ասել է Շատաևը, ով Նոյան տապանի որոնումներին նվիրել է 11 տարի:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` 11 տարվա որոնումների ընթացքում 74-ամյա Շատաևը 13 անգամ բարձրացել է Արարատի գագաթ տարբեր ճանապարհներով: Վերջին անգամ նա Արարատի գագաթին (5165 մ.) եղել է 2011թ. օգոստոսին:
Շատաևը հայտարարել է, որ վերջին անգամ ինքն անձամբ է տեսել, թե ինչպես այդ ենթադրյալ կայան են մտնում մեքենաներ և անհետանում հողի տակ:
«Այնպես որ, եթե Տապանը այնտեղ է և հողի մեջ է թաղված, մենք այնտեղ երբեք չենք հասնի», – կարծում է Շատաևը:
Նրա խոսքով` վերջին անգամ լեռ բարձրանալիս իրեն ուղեկցող քրդերը պատմել են, որ ամերիկացի մի հնագետ, ով ԱՄՆ-ի կառավարությունից և գիտահետազոտական ինստիտուտներից դրամաշնորհ է ստացել, որոնողական աշխատանքներ է իրականացնում Համբարձման գագաթի վրա (այդպես են Արարատի գագաթներից մեկն անվանում ռուս կազակները):
Շատաևը, սակայն, կասկածում է, թե այդ որոնումները արդյունք կտան: