Այսօր կեսօրին մի քանի հարյուր մարդ դուրս է եղել Բաքվի կենտրոն` բողոքի երթ անցկացնելու: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, չնայած ոստիկանության հակազդեցությանը, ակտիվիստները հավաքվել են «Խագանի» Առևտրի կենտրոնի մոտ, որտեղից երթով գնացել են շատրվանների հրապարակ:
Նրանք վանկարկել են «Ազատություն», «հրաժարական», «ոչ կոռուպցիային», և մի քանի պտույտներ կատարելով, քայլել դեպ Սաբիր հրապարակ, որտեղ էլ ցուցարների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել:
«Թուրանը» նշում է, որ ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, դա հնարավոր է եղել անել միայն այն բանից հետո, երբ հատուկ ծառայություններն են օգնության հասել: Տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում`ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդդիմադիր խմբերի ինքնաբուխ երթեր են տեղի ունենում Ադրբեջանի մայրաքաղաքի այլ կենտրոնական վայրերում ևս:
«Տեղի ունեցող իրադարձությունները արձանագրում էին Եվրատեսիլը լուսաբանելու նպատակով Բաքու ժամանած բազմաթիվ լրագրողներ», – գրում է գործակալությունը: