Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Չիկագոյում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ժամանել ԱՄՆ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը, չնայած հրավեր է ունեցել:
«Այս օրերին Չիկագոյում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կայանալու է Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի մասնակցող երկրների հանդիպումը, որին հրավիրված էր մեր երկրի ղեկավարը:
Հանրապետության նախագահն այս առիթով ակնկալում էր նաև հանդիպում ձեզ՝ Չիկագոյի հայ համայնքի հետ:
ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը», – Նալբանդյանի խոսքերը փոխանցում է ԱԳՆ կայքը: