Երեկ մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված երթի դեմ ազգայնականների կողմից անցկացված բողոքի ակցիան, ըստ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, իրականում կազմակերպված էր իշխանությունների կողմից: Այս մասին իրավապաշտպանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Սա շատ հարմար էր, ընտրություններից հետո, մոռացնել տալու դրա խայտառակությունը, որ ապացուցեց, որ ժողովրդավարություն չկա Հայաստանում: Սա առաջինն էր կազմակերպված իշխանության կողմից և էլի է լինելու», – ասել է Դանիելյանը:
Իրավապաշտպանը նկատել է, որ հանդուրժողականություն Հայաստանում չկա` ոչ իշխանությունների, ոչ իրավապաշտպանների, ոչ լրագրողների կողմից:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գյուլնարա Շահինյանն ավելի լավատեսական դիրքորոշում է արտահայտել:
Նրա խոսքով` մարդու իրավունքների վիճակը Հայաստանում այնքան էլ վատ չէ, և շատ խնդիրներ, օրինակ, թրաֆիքինգը, մանկատների հիմնահարցերը, որոնք հասարակությունը մի քանի տարի առաջ չէր էլ ուզում քննարկել, այժմ օրինական ձևակերպումներ են ստացել:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը համաձայնել է Դանիելյանի հետ առ այն, որ ազգայնականների ակցիան կազմակերպված էր և ինքնաբուխ բնույթ չէր կրում: Հրապարակախոսը նշել է, որ կազմակերպիչներից մեկն էր բլոգեր Տիգրան Քոչարյանը (մականունը` Փիղ): Պետրոսյանը նշել է, որ, վերլուծելով տարածաշրջանում նման պրոցեսները ևս, կարելի է ասել, որ դա Ռուսաստանից ուղղորդվող ծրագիր է:
«Սա արվում է, որպեսզի մենք խնդրենք, որ ռուսական բանակը գա, մեզ փրկի: Ուզում են, որ միասեռականների իրավունքներով տարվելով` մարդիկ մոռանան այլ իրավունքների մասին, ինչը նաև մեր իշխանությունների շահերից է բխում: Բայց դա շատ կարճատես ծրագիր է, քանի որ եթե Հայաստանը փլվի, առաջին հերթին, իշխանության գլխին է փլվելու», – ասել է Մարինե Պետրոսյանը: