«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է «այլընտրանքային ընտրությունների միջոցով իշխանափոխության և նոր Հանրապետության հիմնադրման ճանապարհային քարտեզը»:
Չուգասզյանի խոսքով` իրենց նպատակն է անցնցում կերպով լեգիտիմ իշխանություն ձևավորել:
Ծրագիրը բաղկացած է լինելու երկու փուլից: Առաջին փուլում կամավորների կողմից կստեղծվի ոչ լեգիտիմ նախախորհրդարան, որտեղ կստեղծվի նոր Հայաստանի տեսլականը: Երկրորդ փուլում կստեղծվի հիմնադիր խորհրդարան, որի տրամաբանական ավարտը նոր սահմանադրության ստեղծումն է:
«Հիմնադիր խորհրդարանը կկնքի քաղաքացիների հետ պայմանագրերը բաց ձևով` ստորագրություններով, և կապահովի անցնցում իշխանափոխություն: Ինչ-որ տեղ կարելի է նմանեցնել բրիտանական ստվերային իշխանությանը», – ասել է Չուգասզյանը:
Մեր այն հարցին, թե որքանով է հավանական, որ իշխանությունը հասարակական կառույցի պայմանագրերը իրավական համարի և զիջի իշխանությունը, Չուգասզյանն ասել է.
«Քաղաքացիների քվեարկությունը բաց է լինելու, անուն-ազգանուններով մարդիկ քվեարկելու են, այդ դեպքում ոչ մի բռնակալություն չի կարող լինել: Արատավոր այս շրջանը կտրվելու է էն ժամանակ, երբ կդադարենք ժողովրդին մեղադրել հինգ հազար դրամ վերցնելու համար, այլ կհասկանանք, որ իշխանությունն է այս օրին հասցրել նրանց: Պետք է ստեղծենք մի կետ բյուրեղացման: Երբ լույս սկսեց երևալ, ժողովուրդը փող չի վերցնելու, նախ պետք է այդ լույսի ստեղծմամբ զբաղվել»,- ասել է բանախոսը: