Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատին «զայրացրել է» հայտնի մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը, ով «Սփորթինգի» կիսապաշտպան Մարատ Իզմայլովին ազգային հավաքական հրավիրելը մեծագույն սխալ է համարում:
Ի պատասխան Ուտկինի այս հայտարարությանը, մարզիչը նշել է, որ «Եվրո-2012»-ին ընդառաջ թիմին ոչ թե քննադատություն է հարկավոր, այլ աջակցություն:
«Ես տեղեկացել եմ, որ մի մարդ գրել է Իզմայլովի մասին: Չի կարելի միայն բացասականը փնտրել և չտեսնել դրականը: Մեզ բոլորիս զայրացրել է այդ մարդը: Ժամանակին նա ոչ այնքան հաճելի արտահայտություններ էր թույլ տվել պարոն Պուտինի մասին, հիմա էլ նույն կերպ վարվում է իմ խաղացողներից մեկի հետ: Ես և Իզմայլովը վիրավորված ենք դրանից: Բոլորս էլ մարդ ենք, բայց երբ ինչ-որ բան այնպես չես անում կամ վիրավորում ես ինչ-որ մեկին, դա պետք է ընդունել»,-ասել է հոլանդացի մարզիչը:
Շաբաթվա սկզբին Վասիլի Ուտիկինը իր բլոգում խիստ քննադատության էր ենթարկել Իզմայլովին: Իր քննադատությունը նա հիմնավորել էր Իզմայլովի հետ անձնական շփումների փորձ ունենալով: «Ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել, լսեք: Դա բոլորը գիտեն: Հասկանում եք, Իզմայլովը հոգեկան է: Ես բժիշկ չեմ, և հիվանդության մասին չեմ խոսում»,-պարզաբանել է Ուտկինը: