Fundación Rey Balduino հիմնադրամի և Migration Policy Group միգրացիոն հարցերով զբաղվող կազմակերպության համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ ներգաղթյալների համար լավագույն երկիրը Իսպանիան է, թեև ներկայումս երկիրը ծանր տնտեսական վիճակում է գտնվում:
Հետազոտության համաձայն` Իսպանիա ներգաղթածների 65-70%-ին հաջողվում է աշխատանք գտնել`առանց փաստաթղթերի հետ կապված որևէ խնդրի բախվելու կամ գործատուների և տեղի բնակչության կողմից ճնշումների ենթարկվելու: Բացի այդ, հարցվածների 75,9%-ը Իսպանիայում իրենց երջանիկ է համարում:
Հարցման տվյալների համաձայն` Իսպանիայում բնակվող արտասահմանցիները իրենց շատ ավելի լավ են զգում, քան Գերմանիա, Բելգիա, Հունգարիա, Ֆրանսիա, Իտալիա և Պորտուգալիա ժամանող մարդիկ:
Փորձագետները նշում են, որ Մադրիդում և Բարսելոնայում ներգաղթյալները հեշտությամբ ինտեգրվում են իսպանական հասարակությանը, իսկ բյուրոկրատական հարցերը, ինչպես, օրինակ, բնակվելու իրավունքը, ընտանիքի վերամիավորումը կամ քաղաքացիության ձեռքբերումը այնքան էլ բարդ խնդիր չէ:
Իսպանիայում արտասահմանցիներին աջակցում են նաև լեզուն սովորելու և աշխատանքի որոնման հարցում: