«Գորիս» քրեակատարողական հիմնարկում 52 օր առաջ հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանն այսօր հավանաբար կդադարեցնի այն:
Սուրենին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ նա կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սուրենի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը, ով վերադարձել է Գորիսից, որտեղ երեկ կայացել էր Սուրենի գործով դատական նիստը:
«Երեկ՝ ժամը 12.00-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց, քանի որ ՄԻ պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ու Սուրենի փաստաբանը ներկայացրել էին, որ տղաս շատ թույլ է ու հնարավոր չէ նրան տեղափոխել դատարան: Նրանց ու դատավոր Լեռնիկ Աթանյանի միջնորդությամբ նիստը հետաձգվեց մինչև ժամը 16.15-ը: Այդ ընթացքում բանտախցում Սուրենին կաթիլային սնուցում էին միացրել, այնուհետ նշանակված ժամին բերել դատարան», – պատմել է Կիրակոսյանը:
Մորը զարմացրել էր դատական նիստի ընթացքում Սուրենի նկատնմամբ դատավոր Լեռնիկ Աթանյանի ցուցաբերած վերաբերմունքը:
«Հավանաբար, տղայիս հյուծված ու ընկճված տեսքն ազդել էր դատավորի վրա, ով շատ մեղմ մոտեցում ցուցաբերեց. դիմում էր Սուրենին՝ ասելով. «Սուրեն ջան, հարցեր տուր, մասնակցի»: Իսկ զորամասից նիստին որպես վկա եկած զինծառայողները շատ կցկտուր պատասխաններ էին տալիս դատավորի հարցերին, մասնավորապես, երբ հարցնում էր, թե Սուրենը զորամասում ի՞նչ էր անում, հնչում էին հետևյալ պատասխանները՝ «չգիտենք, չենք հիշում»», – ասել է մայրը ու հավելել, որ նրանց պատասխաններն անգամ դատավորին վրդովվեցրին ու նա հեգնանքով ասաց, թե նման պահվածքն ամենահեշտ միջոցն է խուսափել ճիշտ պատասխաններից:
«Նույնիսկ դատախազն էր ապշել նրանց պահվածքից ու խուսափողական պատասխաններից», – պատմել է մայրն ու ընդգծել, որ թեև Սուրենը շատ թույլ էր ու դժվարությամբ էր կարողանում բառեր արտաբերել, այնուամենայնիվ, նրան հաջողվեց վկաներին հիշեցնել, որ ինքը հրաձգարան էլ է գնացել, 5կմ վազքն էլ է արել ու մասնակցել է շարային ծաառայություններին (ի դեպ՝ ռազմաբժիշկի տված փաստաթղթում գրված է եղել, որ տղան կարող է զինակոչվել միայն բուժվելուց հետո, այն էլ` պիտանի է միայն ոչ շարային ծառայության համար: Տղային ախտորոշել են ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի՝ ի ծնե պիգմենտային խալեր, ինչը փաստում է, որ Սուրենին չէր կարելի զենք կրել):
«Վկաները հաստատեցին Սուրենի խոսքերը, այնուհետ դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 1-ին», – նշել է Կիրակոսյանն ու շեշտել, որ ինքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում օգնեցին ու աջակցեցին իրեն՝ որդուն ծայրահեղ վիճակից դուրս բերելու համար:
«Թեև 52 օր տղաս անասելի տանջանքներ տարավ՝ համարյա քայքայվել է ու աննկարագրելի տեսք ընդունել, դա կփաստեն մի շարք մարդիկ, այդ թվում ինձ հետ Գորիս եկած զոհված զինծառայողների մայրերը, ովքեր նույնպես հանկարծակիի են եկել Սուրենին տեսնելով, այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ մեզ հաջողվեց նրան համոզել դուրս գալ հացադուլից», – ասել է մայրը:
Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ այսօրվանից որդին կլինի բժիշկների անմիջական հսկողության տակ, քանի որ հացադուլից դուրս գալու ընթացքը նույնպես մի շարք բարդություններին հետ է կապված:
Հիշեցնենք, որ երիտասարդի ծառայության ընթացքում զինվորական համազգեստի պատճառով խալերը մեծացել են, առաջացել են այլ առողջական խնդիրներ` կապված ստամոքսի և աղիների հետ: Մայրը պատմել է, որ ոչ մի բժշկական օգնություն չստանալով` զինվորը դիմել է փախուստի` դրանում տեսնելով միակ փրկությունը: Նրան` մեկ տարի 27 օր փնտրելուց հետո (որից 5 ամիսը զինծառայողը տանն է անցկացրել) հայտնաբերել են և մեղադրանք առաջադրել ծառայությունից խուսափելու համար: Արդեն մեկ տարի է` Սուրենն անազատության մեջ է: Մոր խոքով` նրա պահանջը մեկն է` բուժել իրեն, ինչից հետո նա պատրաստ է շարունակել ծառայությունը: