«Եվրոպական կայունության նախաձեռնություն» հետազոտական ինստիտուտը «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը ստիպեց լռել Եվրոպայի խորհրդին» անունը կրող զեկույց է հրապարակել:
Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, 36 էջանոց զեկույցում եվրոպացի վերլուծաբանները պատմում են այն գործիքների մասին, որոնք օգտագործում են Ադրբեջանի իշխանությունները եվրոպացի քաղաքական գործիչների վրա ազդելու համար: Զեկույցի հեղինակները նշում են, որ ընտրությունների ժամանակ Ադրբեջանը «միջազգային մոնիտորինգը վերածեց թատերական ներկայացման»:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» մեկնարկել է 2001 թվականին, երբ երկիրը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ: Այդ դիվանագիտությունն իր գագաթնակետին է հասել 2005 թվականին, երբ ավարտվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումը: Դրանից հետո Ադրբեջանը «սկսել է լողալ նավթային եկամուտների մեջ»:
«Խավիարային դիվանագիտության» դրսևորում է ոչ միայն էներգետիկ ռեսուրսների օգտագործումը, այլ նաև թառափի խավիարի տեսքով նվերները ԵԽԽՎ անդամ երկրների պատվիրակներին, որի դիմաց Ադրբեջանը ստանում է նրանց լոյալությունը: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ԵԽԽՎ-ում ոչ բոլորն են պաշտպանել Ադրբեջանին` նյութական շահից ելնելով, ոմանք դա անում էին զուտ աշխարհքաղաքական հետաքրքրությունների պատճառով, սակայն կոռուպցիան բավական ծանրակշիռ դեր է խաղացել Ադրբեջանին վերաբերող ԵԽԽՎ-ի որոշումներում:
«Եվրոպայի խորհրդի սահմաններից դուրս Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակը վեճերի առիթ է դառնում: Անգամ Ադրբեջանի երկրպագուներն ընդունում են, որ այդ երկրում լավագույն դեպքում կիսաբռնապետական ռեժիմ է իշխում: Ադրբեջանը ոչ մի մրցակցային ընտրություն չի անցկացրել` սկսած նրանից, երբ 1993 թվականին Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայրը` Հեյդար Աիլևը, իշխանության եկավ ընտրված նախագահի դեմ իրականացված քաղաքական հեղաշրջման հետևանքով», – նշվում է զեկույցում: