Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանները սպանել են մի տղամարդու, ով կասկածվում էր դաժան մարդակերության մեջ: Հոլիվուդյան «Հանիբալ լեկտեր» հայտնի ֆիլմի կերպարին հիշեցնող հանցագործն ուտում էր կենդանի մարդու դեմքի մաշկը:
Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Մայամի հանգստավայրում: Մարդակերի կողմից իրագործված հարձակմանը ականատես են դարձել տեսուչն ու պատահական անցորդ մի կին, գրում է The Miami Herald-ը: Նրանց ներկայությամբ կասկածյալը բառի բուն իմաստով ուտում էր զոհի դեմքը:
Հանգստավայրի աշխատակիցը փորձել է կանգնեցնել հանցագործին խոսքով` օգտագործելով բարձրախոս: Իսկ կինը մոտակայքում ոստիկան է տեսել և ձեռքով օգնություն կանչել:
Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչը պահանջել է հանցագործից դադարեցնել գործողությունները, սակայն նա չի արձագանքել: Անգամ առաջին կրակոցից հետո մարդակերը շարունակում էր իր «ծեսը»: Արդյունքում ոստիկանն առնվազն հինգ անգամ, կրակել է հանցագործի վրա, ով իրեն զոմբիի պես էր պահում: Վնասվածքներից մարդակերը մահացել է:
Հարձակման զոհը հիվանդանոց է տեղափոխվել կրիտիկական վիճակում: Տուժածի անունը չի հաղորդվում, սակայն, վարկածներից մեկի համաձայն, նա անտուն քաղաքացի է եղել: