Ամերիկյան «Forbes» պարբերականի վերլուծաբան Մարկ Ադոմանիսը «ԱՄՆ-ի քաղաքականության երկակի չափանիշները» հոդվածում գրում է Վաշինգտոնի քաղաքականության ընտրողականության մասին` վերլուծելով այն Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների օրինակի վրա:
«Ադրբեջանն ու Ռուսաստանը ժամանակակից «արժեքների զարգացման» հարցում ԱՄՆ-ի խորը կեղծավորության երկու ակնհայտ և գորշ օրինակներն են, որ մտքիս գալիս են: Երկու երկրներն էլ հետխորհրդային բռնապետություններ են, որոնք կախված են էներգոռեսուրսներից: Երկու երկրներն էլ պարբերաբար հետապնդում և հարձակում են գործում ցանկացած կազմակերպված ընդդիմության վրա:
Ռուսաստանյան «տանդեմը» խիստ հակակրանք է զգում իր հանդեպ արևմտյան ԶԼՄ-ների կողմից իր հետամնացության համար, բայց Պուտինը գոնե Մեդվեդևի կենսաբանական հայրը չի: Իսկ, փոխարենը, Ադրբեջանում իրավիճակը հենց այդպես է դասավորվել, քանի որ նախագահ Իլհամ Ալիևը երկրի նախկին ղեկավարի` Հեյդար Ալիևի միակ որդին է:
Եթե դիտարկենք մամուլի ազատության և քաղաքական ժողովրդավարության իրական տվյալները, կտեսնենք, որ Ադրբեջանը պարզապես անհամեմատելիորեն վատ վիճակում է Ռուսաստանից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ռուսաստանին աշխարհում 142-րդ տեղն է շնորհել: Դա բավական վատ արդյունք է, բայց իրականում այն ավելի լավ վիճակում է, քան ԱՄՆ-ի մի շարք ժողովրդավարական դաշնակիցները` Կոլումբիան, Մեքսիկան և Թուրքիան: Միաժամանակ, Ադրբեջանը 162-րդն է` հետ մնալով անգամ Սաուդյան Արաբիայից և Ուզբեկստանից, այսինքն, աշխարհի ամենադաժան և բռնապետական ռեժիմներից:
Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը բոլոր չափանիշներով ոչ միայն ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների խախտողն է, այլև այն երկիրն է, որը այդ ազատություններն ու իրավունքները ավելի մեծ չափով է խախտում, քան Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-ի քաղաքականությունը իսկապես ուղղված լիներ ժողովրդավարության զարգազմանը, ազատությունների պաշտպանությանը և օրենքի իշխանության հաստատմանը, ապա մենք կարող էինք վստահ լինել, որ Վաշինգտոնը բացառապես խիստ դիրքորոշում է զբաղեցնելու զզվելի միջնադարայան բռնապետության հանդեպ, ինչպիսին է Ադրբեջանը:
Այդ դեպքում ինչպե՞ս է ԱՄՆ-ն վերաբերվում Ադրբեջանին: Շատ լավ: Լայնածավալ ռազմական համագործակցություն է իրականացվում: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կենտրոնացած են բացառապես իրենց «համագործակցության» դրական արդյունքների վրա, և դրանցում համառորեն անտեսվում է այն փոքրիկ և անկարևոր խնդիրը, որ այս երկիրը սարսափելի բռնապետություն է», – մասնավորապես, գրում է Մարկ Ադոմանիսը: