Home / Հայաստան / Բողոքի ակցիա. եզդի մայրը պատրաստ է 10 հազար վճարել բանտարկված որդուն բուժելու համար

Բողոքի ակցիա. եզդի մայրը պատրաստ է 10 հազար վճարել բանտարկված որդուն բուժելու համար

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է անցկացրել Կարինե Ամոյանը, ով սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրն է:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ազգությամբ եզդի Ամոյանն ասել է, որ իր բարեկամներով նախագահական նստավայր է եկել մի պահանջով՝ 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել որդուն, ով ծայրահեղ ծանր վիճակում է և այս պահին գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նրա խոսքով` իրենք պատրաստ են պատշաճ բուժում ապահովել, ինչը ներկա պահին տեղի չի ունենում:

Նա շեշտել է, որ դիմել է բոլոր պատկան մարմիններին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել ու այսօր  նախագահական նստավայր է եկել մի հույսով, որ կբավարարեն իր պահանջը, այլապես ինքն ու իր բարեկամության մի շարք ներկայացուցիչներ պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի:

«Եթե մինչև գիշեր մեզ պատասխան չտան, լուսաբացին ամբողջ ազգությունով գնում ենք թուրքի սահմանն ու մեզ վառենք, էլ կորցնելու բան չունենք: Բոլորն էլ պատրաստ են ինձ հետ ծայրահեղ քայլերի դիմել, ու ես դա խոստանում եմ», – նշել է Կարինե Ամոյանը:

Նրա խոսքով՝  իրենք այսօր դիմելու են թե’ Գլխավոր դատախազություն, թե’ Վարչական դատարան ու սպասելու են կոնկրետ պատասխանի:

«Եթե եզդիներն այս հողի վրա տեղ չունեն, թող եզդիներին վտարեն, մենք էլ թողնենք գնանք», – ասել է բողոքող մայրը:

Մոր խոսքով` ամբողջ խնդիրն այն է, որ այսօր «խաղ են անում 18 տարեկան երիտասարդի կյանքի հետ»:

Մոր կարծիքով` Քյարամն անմեղ է, դա են ապացուցում մի շարք փաստեր, մասնավորապես, այն, որ Քյարամի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այնուամենայնիվ, ծնողը նշում է, որ բուժումից հետո Քյարամին պատրաստ կլինի կանգնել արդարադատության առջև:

«Երեխուս փետրվարի 6-ին արյան զեղում-ինսուլտով տարել են «էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, 21 օրից տեղափոխեցին ՑԲ-ի հիվանդանոց (Կալանավայրերի վարչության կենտրոնական հիվանդանոց): Տղաս սարսափելի վիճակում էր, ոչ կարողանում էր խոսել, ոչ ինքնուրույն քայլել, անգամ չէր կարողանում պետքարան գնալ, այդ վիճակում 10 օր մնալուց նորից վեշի պես տարան, շպրտեցին բերդ: Որտեղ  դիմել եմ, ասել են՝  տիկին, տղայիդ վիճակը ստաբիլ է, մի անհանգստացեք: Մայիսի 25-ին տղայիս կրկնակի ինսուլտ-արյան զեղումով  նորից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ու հիմա ծանր վիճակում է», – նշել է մայրն ու ավելացրել, որ տղայի գլխի վիրահատության համար թիվ 1 համալսարանական հիվանդանոցում 10.000 դոլլար գումար են պահանջել:

«Դա պետւթյան գործն է, ոչ թե իմը, թող պետությունը մուծի, արյան զեղումները մաքրել տա ու իմ երեխուն առողջ վերադարձնի ինձ» – ասել է մայրը, այնունամենայնիվ, հավելելով, որ եթե պետությունը չի ցանկանում դա անել, ինքը պատրաստ է զբաղվել տղայի բուժմամբ::

Բողոքի ակցիայի մասնակից՝ Քյարամ Ամոյանի քույրը՝ Գայանե Ամոյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ նույն խնդրանքով իրենք մեկ ամիս առաջ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

«Մենք  խնդրեցինք օրինական գրավի դիմաց ազատել, որպեսզի կարողանանք իրականացնել նրա բուժումը: Անգամ շեշտեցինք, որ մինչև դատը եղբորս կբուժենք ու կհանձնենք իրենց, սակայն չհամաձայնվեցին, մերժեցին անգամ Եզդիների միության նախագահի (Ազիզ Թամոյան) դիմումը: Հիմա եղբայրս շատ ծանր վիճակում է՝   բարձր ջերմության մեջ է ու աչքերը չեն բացվում, փայտով է ման գալիս, հաց ուտել չի կարողանում, իսկ մեր միակ խնդրանքն այն է՝ գրավի դիմաց թույլ տալ բուժել եղբորս ու հանձնել իրենց: Ի վերջո` ով է պատասխան տալու Քյարամի կյանքի համար», – հարցրել է քույրը:

Ակցիայից հետո Ամոյանները գնացել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Քյարամի մորը խոստացել են ժամը 16:00-ին պատասխան տալ: Ամոյանին ասել են, որ կա’մ պետությունը կվճարի վիրահատության համար պահանջվող գումարը, կա’մ նրան բաց կթողնեն գրավի դիմաց: