Home / Տեսանյութեր / Թուրքիայի քաղաքացին ստացել է ՀՀ նախագահի մրցանակը

Թուրքիայի քաղաքացին ստացել է ՀՀ նախագահի մրցանակը

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ հասարակական գործիչ Ռագըփ Զարաքողլուն ստացել է 2011 թվականի ՀՀ նախագահի մրցանակը: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին` հատուկ ընդգծելով Զարաքոլուի` մրցանակին արժանանալու փաստը:

«Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման և խիզախության փայլուն օրինակ է», – ասել է Սերժ Սարգսյանը:

Համաձայն պաշտոնական ձևակերպման, Զարաքոլուն, ով ներկա էր հանդիսավոր արարողությանը, մրցանակը ստացել է «Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար»:

Հիշեցնենք, որ հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր Զարաքողլուն, ով Հայոց ցեղասպանության մասին մի քանի գրքեր է հրատարակել, Թուրքիայում ձերբակալվել էր 2011-ի սեպտեմբերին, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում:

Ռագըփ Զարաքոլուի դեմ գործ էր հարուցվել «ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերելու» մեղադրանքով: Ընթացիկ տարվա ապրիլին նա ազատ արձակվեց:

Ստամբուլի դատախազությունը արդեն պատրաստել է մեղադրական ակտը, ըստ որի մեղադրանքի հաստատման դեպքում իրավապաշտպանին 7.5-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած  աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար,

արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գևորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` «Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար,

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` «Լեգենդներ» քանդակների շարքի համար, Աշոտ Գևորգյանին` «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար:

գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` «Անկախին սպասելիս» գրքի համար: