Իտալացի արվեստագետներ Անտոնիո Գարուլոն և Մարիո Օտոչենտոն Հռոմի Կիջի պալատի մոտ ինստալյացիա են տեղադրել` ապակե դագաղ, որի միջից ժպտում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:
Նկարիչներն իրենց գործը «իտալացիների երազանք» են անվանել: Այս արտահայտությունը օգտագործում էր Բերլուսկոնին` ընկերների հետ հեռախոսազրույցների ընթացքում:
Բերլուսկոնին պառկած է ապակե սարկոֆագում: Նրա աջ ձեռքը դրված է «Իտալիայի պատմություն» գրքի վրա, իսկ ձախ ձեռքը իջեցված է կոճակներն արձակած տաբատի մեջ: Ոտքերին մուլտհերոս Միկի Մաուսի պատկերով հողաթափեր են:
Ինստալյացիայի տեղադրման վայրը նույնպես պատահական չէ ընտրված: Կիջին իտալական կառավարության ղեկավարների նստավայրն է: Նկարիչները պարզաբանել են, որ այդկերպ ցանկանում էին ընդգծել անձի պաշտամունքը, որն իր շուրջ ստեղծել էր Բերլուսկոնին: Այս պատճառով իրենց ինստալյացիայի համար նրանք ընտրել են սրբերի մարմինները ցուցադրելու քրիստոնեական ավանդույթը և հերոսների կամ քաղաքական առաջնորդների մարմինները մահից հետո պահպանելու ավանդույթը:
2002 թվականին Ամստերդամում ամուսնական կապ հաստատած Անտոնիո Գարուլոն և Մարիո Օտոչենտոն հույս ունեն, որ Բերլուսկոնին անձամբ կգա դիտելու ինստալյացիան: Այն ցուցադրվելու է Կիջիի մոտ մինչև մայիսի 30-ը: