Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր, ինչպես նաև շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերը:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունները մամլո հաղորդագրություն էին տարածել, ըստ ամենայնի, միևնույն միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հունիսի 4-ի` լույս 5-ի գիշերը` Տավուշի և Ղազախի շրջանների սահմանին: Հաղորդագրություննները տարբերվում էին միայն ադրբեջանական կողմում զոհերի քանակով` 5 զինծառայող:
Հայկական կողմը նշում է, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 15-20 հոգանոց խումբը: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաղորդում է, որ Ղազախի շրջանի Աշաղի Ասքիփաղա գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիրքեր մուտք գործել հայ զինծառայողների խումբ:
Այս անգամ հայկական կողմից զոհեր չկան, մինչդեռ նախօրեին Հայաստանում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով 3 զինծառայող է զոհվել. ևս 5-ը վիրավորվել են: Երեկ երկու երկրների ռազմական գերատեսչությունները մեղադրեցին միմյանց հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն գործողությունների իրագործման մեջ: