Վատիկանը քննադատության է ենթարկել սեքսուալ էթիկայի մասին միանձնուհի Մարգարետ Ֆարլիի գիրքը: Հոգևորականները կարծում են, որ միանձնուհու «Պարզապես սեր» գիրքը կարող է «մահացու վնաս» հասցնել քրիստոնյաներին: Դրանում արտահայտված ձեռնաշարժության, միասեռական միությունների և կրկնակի ամուսնությունների մասին հայացքները «ուղղակիորեն հակասում են» կաթոլիկ եկեղեցու ուսմունքին, նշվում է Վատիկանի հայտարարության մեջ: Բոլոր կաթոլիկ ուսուցիչներին արգելվել է օգտագործել Ֆարլիի գիրքը:
ԱՄՆ-ի Յելի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Քույր Ֆարլիի խոսքով` իր կողմից արտահայտված գաղափարները համընկնում են աստվածաբանական ավանդույթի հետ: Քույր Ֆարլին իր գրքում գրում է, որ «կարելի է և հարգել այն մարդկանց, ովքեր հարաբերությունների մեջ են մտնում միևնույն սեռի ներկայացուցչի հետ»: Նա նաև պաշտպանում է նույնասեռական ամուսնությունների գաղափարը:
Միանձնուհին կարծում է, որ դա թույլ կտա նվազեցնել հոգեբանական ճնշումը, ատելությունը և հետապնդումները, որոնց հետ ստիպված են բախվել միասեռականները: