Հունաստանի գլխավոր դատախազությունը անցած ամիս խորհրդարանական ընտրությունների արդյունքում նեոֆաշիստական «Ոսկե մայրամուտ» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Իլիաս Կասադիարիսի ձերբակալության օրդեր է ներկայացրել, քանի որ վերջինս տեղի հեռուստաալիքիներից մեկի ուղիղ եթերում հարձակվել է երկու կանանց վրա, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Ինչպես վկայում է ANT1 հեռուստաալիքի տեսանյութը, երեկոյան թոք-շոուներից մեկի ժամանակ ձախ արմատական կուսակցության պատգամավորության թեկնածու Ռենա Դորուն բուռն քննարկման ընթացքում սադրել է Կասիդիարիսին` հիշեցնելով նրան 2007-ին տեղի ունեցած կողոպուտի մեջ նրա հնարավոր մասնակցության մասին: Արդյունքում զայրացած նեոֆաշիստը վեր է ցատկել և սեղանին դրված ջուրը լցրել նրա վրա:
Իսկ երբ կոմունիստական կուսակցության պատգամավոր Լիանա Կանալին Կասադիարիսի վրա է նետել թերթը, նեոֆաշիստը դուրս է եկել ափերից և ի պատասխան այդ գործողությանը, մի քանի հարված է հասցրել կնոջը: Դրանից հետո նա շտապ լքել է տաղավարը:
Հունաստանի դատախազությունն արդեն իսկ մեղադրել է Կասադիարիսին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ և, ըստ հունական օրենսդրության, ձերբակալության օրդեր է ներկայացրել: