Ռուսաստանում կանխել են հայ-ուզբեկական բախումը Ռուսաստանում` Սվերդլովսկի շրջանում, ոստիկանությունը կանխել է զանգվածային զինված բախումը հայկական և ուզբեկական համայնքների ներկայացուցիչների միջև, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ընդհարմանը պատրաստվում էին մասնակցել շուրջ 70 մարդ: Ձերբակալված են ազգամիջյան «հանդիպման» կազմակերպիչներն ու 18 ակտիվիստներ: Հայտնի է, որ ուզբեկների խմբին Չելյաբինսկի և Կուրգանի շրջաններից օգնության պետք է հասնեին 50-60 հոգի: Իրավապահ մարմինները բախման մասնակիցներից առգրավել են տրավմատիկ և գազային զենք, ինչպես նաև հրազեն, մահակներ և վառելանյութով լցված տարրաներ:
Ըստ ոստիկանության տվյալների` ապրիլի վերջին հայերն ու ուզբեկները ընդհարում էին ունեցել սրճարանում: Որոշ ժամանակ անց, քաղաքում երկու ուզբեկ ծեծի էր ենթարկվել: Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել: Ավելի քան մեկ ամիս անց` հունիսի 4-ին, հրազենային վնասվածքներով միևնույն հիվանդանոց էր տեղափոխվել հայկական ափյուռքի ներկայացուցիչը: Նա հայտարարել էր, որ անհայտ անձինք կրակ են բացել իր մեքենայի վրա: «Հաջորդ օրը ոստիկանությանը հայտնի դարձավ նախապատրաստվող անկարգությունների մասին. մի խումբ մարդիկ` Ուզբեկստանի և Ռուսաստանի քաղաքացիներ, պատրաստվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպել հայկական սփյուռքի տարածքում»,-պարզաբանել է ոստիկանության ներկայացուցիչը: