Հունիսի 10-ին Ֆրանսիայի Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ձախական կուսակցությունները`սոցիալիստների գլխավորությամբ, հավաքել են ընտրողների քվեների 46,3%-ը, հայտնում է Newsru.com կայքը` հղում կատարելով ֆրանսիական Figaro թերթին:
35,5 մլն քվեների ամփոփման արդյունքում` Սոցիալիստական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և «Ձախ ճակատը» միասին ստացել են ֆրանսիացիների ձայների 46%-ից ավելին:
Նախկին «Ազգային շարժման միություն» իշխող կուսակցությունը և նրա դաշնակիցները 33,9% ունեն: «Ազգային ճակատի» օգտին քվեարկել է ֆրանսիացիների 14%-ը:
Ընտրությունները կայացել են մասնակցության ռեկորդային ցածր ցուցանիշով: Երկրի օրենսդիրներին ընտրել է Ֆրանսիացիների 57,4%-ը:
Ընտրությունների երկու փուլերի ընթացքում Ֆրանսիայի քաղաքացիները 6600 թեկնածուներից պետք է 577 խորհրդարանական ընտրեն:
Ինչ վերաբերում է ընտրություններրի երկրորդ փուլին, որը կանցկացվի հունիսի 17-ին, ապա սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ բացարձակ մեծամասնությունը կրկին սոցիալիստների կողմն է:
Նշենք, որ ընթացիկ տարվա մայիսի 6-ին Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ էր տարել սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Ձայների մեծամասնությամբ` Օլանդին հաջողվել էր պարտության մատնել Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: