ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անրդադառնալով երեկ Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությանը, թե իր դեմ փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ հարուցելը քաղաքական հետապնդում է, պնդել է ճիշտ հակառակը` ասելով, որ որևէ ենթատեքստ այդ քայլում չկա:
«Ես բացառում են քաղաքական որևէ ենթատեքստ այս առումով: Ընդհանրապես, խոսքը գնում է նրա մասին, որ պետք է պարզվեն որոշ հանգամանքներ։ Եվ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի համագործակցում է մեր ազգային անվտանգության կառույցների հետ, որպեսզի, եթե կան տեղեկատվություններ, որոնք անհրաժեշտ է ստուգել, որպեսզի ստուգենք և վստահ լինենք, որ որեւիցե ռիսկեր այդտեղ չկան։ Եվ որևցե քաղաքական ենթատեքստ պետք չէ որոնել: Մեկ այլ երևույթ էլ կա. երբ որ հասարակության մեջ պետությունը փորձում է ինչ-ինչ գործառույթներ իրականացնել` բացահայտելու այս կամ այն տեղեկատվության տակ թաքնված երեւույթները, միանգամից առաջ է մղվում այն հանգամանքը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը։