ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, իր ֆինանսական կարողություններով ավելի հարուստ է, քան նախագահ ամուսինը: Դա են վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց` էթիկայի հանձնաժողովից ստացված գույքի և եկամուտների հայտարարագրերը, գրում է hetq.am-ը:
Ըստ հայտարարագրի` 2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել: Նախագահը չունի նաև արժեթղթեր և այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:
Սերժ Սարգսյանն իր հայտարարագրում չի նշել նաև 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկաժեք գույք: Մինչդեռ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 2011 թ. մարտի 1-ից մինչև 2012 թ. մարտի մեկն ընկած ժամանակահատվածի համար նախագահը հայտարարագրել էր 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ և այլն), ինչպես նաև Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի և Աբեղյանի կտավների հավաքածուն, ինչպես նաև 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավներ:
Ստացվում է, որ վերը նշված թանկարժեք իրերը նախագահը գնել է 2012 թ. առաջին երկու ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով տեղ չեն գտել 2011 թ. հայտարարագրում:
2011 թ. Սերժ Սարգսյանը ստացել է 3 մլն 898 հազար 800 դրամի աշխատավարձ, 2 մլն 45 հազար 89 դրամ աշխատանքի վարձատրությանը հավասարեցված այլ վճարում, ինչպես նաև 8 մլն 620 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ստացել է ընդհանուր առմամբ 14 մլն 563 հազար 889 դրամի եկամուտ: Մինչդեռ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ նախագահն ունեցել է 96 մլն, իսկ դեկտեմբերի 31-ի դրությամբ` 104 մլն դրամ:
Նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը, 2011 թ. նույնպես ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել: Տարվա կտրվածքով չունի նաև արժեթղթեր և այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:
Որպես եկամուտ Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված 9 մլն 25 հազար դրամի տոկոս և 8 մլն 500 հազար դրամ` նվիրատվություն: Ընդհանուր առմամբ, Ռիտա Սարգսյանը 2011 թ. ստացել է 17 մլն 25 հազար դրամի եկամուտ, սակայն տարվա սկզբին նախագահի կինն ունեցել է 100 մլն 500 հազար, իսկ տարեվերջին` 112 մլն դրամ:
Չոր հաշվարկներով, 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ռիտա Սարգսյանն ունի 8 մլն դրամ ավելի շատ գումար, քան Սերժ Սարգսյանը: