Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր վաճառում են իրենց երիկամը` համապատասխան կայքերում համապատասխան հայտարարություններ տեղադրելով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը նկատում է, որ այդ քայլին նրանց դրդում են սոցիալական ծանր վիճակը և բարեկեցիկ կյանքով ապրելու ձգտումը:
Սահմանված գները նկատելիորեն տարբեր են` 15 հազար ԱՄՆ դոլարից մինչև 45 հազար ԱՄՆ դոլար: Օրենքը, սակայն, արգելում է օրգանների առքուվաճառքը, ինչը նշանակում է, որ նման գործարքի իրականացման համար զարտուղի ճանապարհներ պետք է որոնվեն:
Թերթը նշում է, որ Հայաստանում երիկամի փոխպատվաստում է կատարվում: «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժշկուհի Հելեն Նազարյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարեկան այդպիսի 10-12 փոխպատվաստում է իրականացվում: ՀՀ քաղաքացիների համար, ըստ բժշկի, դա արժե 2 միլիոն 500 հազար դրամ: Ոչ ՀՀ քաղաքացիների դեպքում` երիկամի փոխպատվաստումը կատարվում է 5 միլիոն կամ 7,5 միլիոն դրամով: Ցածր գինը գործում է նաև այն հիվանդների համար, որոնք ՀՀ քաղաքացի չեն, բայց ազգությամբ հայ են: