ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգ է հնչեցրել: Թերթը նշում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին ավազի հանքերի անխնա շահագործման հետևանքով Արաքս գետը փոխում է իր հունը` հետ մղելով սահմանային գիծը:
«Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար:
Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը»,-ասել է Եղիազարյանը` հավելելով, որ եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ:
«Ժողովուրդ»-ի երեկվա համարում Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել էր. «70-ականներից սկսած` ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի… Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»: