Ղարաբաղյան հակամարտությունում զինված միջադեպերը նկատելիորեն հաճախ են տեղի ունենում, քան այլ կոնֆլիկտային գոտիներում: Անգամ եթե դրանք պատահում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, որը թվում է՝ ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, դրանց պատճառահետևանքային կապն անհերքելի է: Ամեն տարի տասնյակ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են զոհվում կամ վիրավորվում: Իսկ հունիսի սկզբին 10 մարդ զոհվեց ընդամենը մի քանի օրերի ընթացքում, այսօր գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը` իրավիճակը որակելով որպես «աբսուրդի թատրոն» և նշելով, որ չափազանց միամիտ կլիներ այդ միջադեպերը պատահական համարելը, քանի որ չափից շատ գործոններ են հուշում դրանց աբսուրդային քաղաքական օրինաչափության մասին:
«Դիրքերը վտանգավոր աստիճանի մոտ են, իսկ չեզոք խաղաղարար ուժերի բացակայությունը գործնականորեն անխուսափելի է դարձնում այդ միջադեպերն ու մարդկանց մահը: Փոխհրաձգությունները հաճախ պատահականություն են լինում, բայց երբեմն էլ նպատակային, սադրիչ: Կողմերը մշտապես մեղադրում են միմյանց, բայց նրանցից առնվազն մեկը ստում է:
Տանուլ տված պատերազմից, ԼՂ-ի շուրջ 7 տարածքների կորստի հետո առաջացած խոցելիությունը և բանակցային գործընթացի խափանումները ստիպում են Ադրբեջանի ղեկավարությանը «օկուպանտներին» հանգիստ չտալ: Իրավիճակի կայունացումը ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում նրան հակացուցված է: Ավելի շահեկան է լարվածությունը չափավորել պարբերական միջադեպերով`համատեղելով դրանք մշտական սպառնալիքների հետ: Բաքվի շահագրգռվածությունը միջադեպերի մեջ հաստատում են դրանց բացահայտման մեխանիզմներից խուսանավելու փորձերը:
Հատուկ ուշադրության է արժանի Բաքվի կողմից 1995 թվականի փետրվարին ընդունված հրամանագրի արհամարհումը: Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևն անձամբ մասնակցել էր դրա մշակման ընթացքին և ԱԳ նախարարին կարգադրել էր ստորագրել այն, ինչը երևում է նաև փաստաթղթի տեքստից: Միջնորդների հանդուրժողականությունը ստանձնած պարտականությունների չիրականացման հանդեպ բոլորովին անտեղի է: Նման մոտեցման պարագայում անիմաստ են հակամարտության կարգավորման բոլոր որոնումները, այդ թվում` հիմնարար սկզբունքների վերաբերյալ ներկայիս համաձայնությունը, որը իբրև թե խաղաղության պետք է հանգեցնի: Այն իրականացվելո՞ւ է:
Եվ արդյո՞ք մեխանիզմ է ստեղծվելու միջադեպերի հետաքննության համար: Դրանց քաղաքական պատճառների հետաքննության համար տվյալներն ավելի քան բավարար են: Դժվար չէ հասկանալ` ինչու է ղարաբաղյան հակամարտությունն այսքան հարուստ միջադեպերով»,- մասնավորապես, գրում է թերթը: