Home / Հայաստան / Ոստիկանությունը ձերբակալել է «Հարսնաքարի» չորս աշխատակիցների

Ոստիկանությունը ձերբակալել է «Հարսնաքարի» չորս աշխատակիցների

Հունիսի 17-ի երեկոյան ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 4 մարդ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով՝ ձերբակալվածները «Հարսնաքար» ռեստորանի աշխատակցներ են:

Ձերբակալվածների անունները, նախաքննության շահերից ելնելով, առայժմ չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում տուժել են Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Վահե Ավետյանը, որի որի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ այդ երեկո իրենք 5 հոգով փորձել են մուտք գործել ռեստորան, սակայն մատուցողն ասել է Վահե Ավետյանին, որ նա սպորտային հագուստով է և չի կարող այդպես մտնել հաստատություն: Բժիշկը վերադարձել է տուն, փոխել տաբատը և կրկին եկել «Հարսանքար»: Երբ ընկերներն արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին հարցրել է, թե միգուցե գլխա՞րկն էլ է պետք հանել:

Ավետյանի այս արտահայտությունից հետո մատուցողը վիճաբանություն է սկսել նրա հետ և հրավիրել բժիշկին դուրս` զրուցելու: Ընկերները նույնպես դուրս են եկել նրանց հետևից: Այնուհետև ինչ-որ մեկը, Բայադյանի խոսքով, մենեջերը կամ անվտանգության աշխատակիցը, իրենց ավտոկայանատեղի են հրավիրել, որտեղ էլ և դաժան ծեծի են ենթարկել նրանց: Բժիշկի խոսքով` իրենց հանգիստ են թողել միայն այն ժամանակ, երբ գրեթե անգիտակից վիճակում են եղել:

Լուսանկարը՝ azatutyun.am-ի