ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր Ազգային Ժողովում կառավարության ղեկավարին հարց է ուղղել այն մասին, թե ինչ համագործակցություն է մեր իշխանությունը ընտրելու` Եվրասիական միության, թե Եվրամիության հետ է ավելի խորացնելու հարաբերությունները: Հովհաննիսյանի խոսքով` այդ երկընտրանքի առջև Հայաստանը վաղ, թե ուշ կանգնելու է:
Պատասխանելով հարցին` Տիգրան Սարգսյանը հղում է արել ՌԴ նորընտիր նախագահ Պուտինի հայտարարությանը, որում ասվում է, թե նման երկընտրանքի անհրաժեշտություն չկա:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ազատ շուկայական հարաբերություններ հաստատել երկու տնտեսական կառույցներում:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՀԿ-ի դիրքորոշումը արտահայտելով` վարչապետը Վահան Հովհաննիսյանին ասել է, որ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելու հարցում ՀՀ իշխանությունները չեն սխալվել և դրանով ապացուցել են, որ պատրաստ են դիվանագիտական հարաբերությունները վերականգնել Թուրքիայի հետ, եթե դրա համար որևէ նախապայման չառաջադրվի: