Այսօր առավոտյան՝ ժամը 8.30-ին, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային չորս զինծառայողներ վթարի են ենթարկվել Վայոց ձորի մարզում. նրանցից մեկը մահացել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շրջվել է։
Տուժածներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի և Եղեգնաձորի հիվանդանոցներ: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Էդգար Հովհաննիսյանը մահացել է: Վարորդ՝ Վալերիկ Հովհաննիսյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից:
Մերի Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահին դեպքի վայրում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները, ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային 8-րդ քննչական բաժնի քննիչները:
«Դեպքի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնել չեմ կարող, քանի որ փաստի առթիվ այս պահին նյութեր են նախապատրաստվում», – ասել է Սարգսյանը: