Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաև Հայաստանի ինքնիշխանությանը։
«Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր ինքնիշխանությունը: Սակայն Հայաստանը այդպիսի մտահոգություն չի ցուցաբերում, համենայն դեպս՝ հրապարակայնորեն»,- շեշտադրված է զեկույցում:
Վերլուծաբանը նշում է, որ 2003 թվականին Ռուսաստանը տոտալ վերահսկողություն ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ շուկայի վրա:
«Ռոբերտ Քոչարյանը, 1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը, փաստացի վաճառեց Հայաստանը ռուսական միասնական էներգահամակարգին, Անատոլի Չուբայսին ու ռուսական այլ առևտրային ու քաղաքական շահերին», – ասված է զեկույցում։
Chatham House-ի վերլուծաբանը նշում է, որ Քոչարյանի հաջորդ Սերժ Սարգսյանը ավելի քիչ ռուսամետ է թվում, սակայն 2008-ին, երբ նա ընտրվեց նախագահ, երկրի մեծ մասը արդեն վաճառված էր:
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի