ՀՀ Ազգային Ժողովը այսօրվա նիստում ձայների 75՝ կողմ, 47՝ դեմ, 1՝ ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է նախօրեին կառավարության կողմից ներկայացված ծրագիրը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ նախագահի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթներին համապատասխան: Այս մասին կառավարության ծրագիրը երեկ ԱԺ-ում ներկայացնելիս ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ վարչապետի` նոր ծրագրի համաձայն՝ Հայաստանի տնտեսությունը պետք է լինի մրցունակ, խրախուսվելու են նորարարական բիզնեսները, ստեղծվելու են նպաստավոր պայմաններ Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներգրավվածության ավելացման և ներդրումների խրախուսման համար, կարևորվելու են նաև գյուղի և գյուղատնտեսության խնդիրները: Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու կրթության ոլորտին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Վարչապետը նշել էր, որ ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության գիծ ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ` մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,
• աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածություն ունեցողների թիվը կավելանա 30-50 հազարով,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով: