Facebook սոցիալական ցանցում բացված «Պահանջում ենք ԱԺ նիստերն ուղիղ հեռարձակել TV-ով» խմբի նախաձեռնողները վստահ են` ԱԺ նիստերը հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակելու ակնհայտ հասարակական պահանջ կա:
«Ակնհայտ է նաև, որ ԱԺ կայքով հեռարձակումը անորակ է ու չի բավարարում քաղաքացիներին: Ինչքա՞ն կարելի է նստել համակարգչի առաջ ու սպասել, թե էլեկտրոնային լրատվամիջոցները երբ են տեքստային լուրեր տեղադրելու: Հիշեցում. հանրային հեռուստատեսությունը գործում է մեր` հարկատուներիս հաշվին»,-ասված է խմբի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Խմբի անդամ, օգտատեր Սլավիկ Պողոսյանը, իր հերթին նշում է, որ Ազգային Ժողովի ինտերնետային կայքով հեռարձակումը չի փոխում իրերի վիճակը, քանի որ բազմաթիվ հեռավոր բնակավայրերում դեռևս սփռվում է միայն Հ1-ը, և այս բնակավայրերի մեծամասնությունը չի օգտվում ինտերնետի և ինտերնետով Ազգային ժողովի նիստերին հետևելու հնարավորությունից:
Պողոսյանը կոչ է անում այս հարցով գրությամբ դիմել Ազգային ժողովի նախագահին և Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը:
«Իմ կարծիքով, դրական պատասխան չստանալու պարագայում կարելի է անցնել բողոք-ցույցերի ճանապարհով»,-գրում է օգտատերը:
Նշենք նաև, որ խմբի անդամների մեծ մասը վստահ է, որ Հ1-ը չի ցանկանում ուղիղ եթերում հեռարձակել ԱԺ նիստերը, քանի որ այդ դեպքում ակնհայտ կդառնա պատգամավորների գրագիտության մակարդակը:
«Եթե Հ1-ի եթերում ցուցադրվեն ԱԺ նիստերը հայ հասարակությունը կտեսնի մեր բազմադիպլոմ պատգամավորների «գրագիտության» աստիճանը կամ դիպլոմների արժեքը: Ահա թե ինչու են մեծն Գարեգին Նժդեհի «գաղափարակիրները» (ՀՀԿ) հոգացել այն մասին, որ Հ1-ի եթերը հեղեղվի էժանագին ու ազգային բնութագրին ոչ հարիր սերիալներով», – գրում է օգտատեր Սևակ Մատիլյանը:
Մեկ այլ օգտատեր` Գևորգ Հովսեփյանը նշում է. «Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչու չեն հեռարձակվում ԱԺ նիստերը: Դա ավելի ակնհայտ կդարձնի ԱԺ անդամների (ձեռքս չի գնում`պատգամավոր գրեմ) մեծամասնության բացարձակ անտառաճանաչ լինելու փաստը: Մեծ մասը ոչ թե չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջն ԱԺ-ում, այլև ընդունակ չէ նույնիսկ պրիմիտիվ նախադասություններ վերլուծելու… էլ ուր մնաց օրենսդիր գործունեությամբ զբաղվելու»:
Նշենք, որ ԱԺ նիստերը ներկայումս հեռարձակվում են ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական Parliament.am կայքում: