Երեկ «Tolishi Sado» (Թալիշի ձայն) թալիշերեն կայքի և թերթի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան, ինտերնետում մեծ հետաքրքրություն առաջացրած «Դավայ դոսվիդանյա» (Давай до свиданья) վիդեոսյուժեի հեղինակ Գիլալ Մամեդովի ձերբակալության պատճառների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարբեր վարկածներ են շրջանառվում: Մասնավորապես, Contact.az կայքը չի բացառում, որ այս ամենը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ադրբեջանական իշխանությունները չեն սիրում «ինքնագործունեություն», երբ խոսք է գնում երկրի ներքին կյանքի լուսաբանման մասին` հատկապես ռուսաստանյան հեռուստաալիքների եթերում` առանց նախագահական վարչակազմի հետ համաձայնեցման:
Հունիսի 13-ին Մամեդովը Աստարա էր տարել ռուսաստանյան НТВ հեռուստաալիքի խմբին, որը սյուժե էր նկարահանել անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերած «Ты кто такой? Давай, до свидания» մեյխանայի մասին: Հենց Մամեդովն էր YouTube կայքում տեղադրել հիթ դարձած տեսանյութը աստարիական հարսանիքից, որտեղ մեյխանա կատարողները իրենց հմտություններն են ցույց տալիս այս ասպարեզում:
Մեկ այլ վարկածի համաձայն, որը կայքը «պուտինյան» է անվանում, կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ: Հիթային դարձած «Դավայ դոսվիդանյա» արտահայտությունը ռուսաստանյան ընդդիմությունը անմիջապես վերցրել էր և դարձրել “Путин, ты кто такой? Давай, до свидания” և տարածել Թվիթեր միկրոբլոգում, որի շնոհիվ էլ հենց արտահայտությունը ճանաչում էր գտել Ադրբեջանի սահմաններից դուրս: Ըստ կայքի, ավանդաբար Մոսկվայի հանդեպ զիջողական քաղաքականություն դրսևորող ադրբեջանական իշխանությունը կարող էր ցանկանալ Մամեդովին պատժելով հաճոյանալ Պուտինին:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մամեդովը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի պահման մեջ: