Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանին հսկիչ անձնագրային կետերում խնդիրներ են առաջացել, գրում է Mediaforum.az-ը: Ադրբեջանական մամուլի տեղեկություններով, բյուրոկրատական խոչընդոտներ են ստեղծվում ադրբեջանական բեռով մեքենաների համար, որոնք փորձում են Ռուսաստան մուտք գործել: Ռուսաստանյան սահմանապահներն այդ փաստը բացատրում են ՌԴ օրենսդրությունում կատարված փոփոխությամբ:
Մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանական ապրանքները չեն համապատասխանում ռուսաստանյան սանիտարական չափանիշներին: Սակայն, ինչպես նշում է կայքը, օրենսդրությունում մտցված փոփոխությունները ուժի մեջ են մտել մի քանի ամիս առաջ, բայց, չգիտես ինչու, միայն հիմա են կիրառվում Ադրբեջանի դեմ: Մյուս կողմից` այլ երկրներից Ռուսաստան մուտք գործող ապրանքների համար մաքսայինները միևնույն պահանջները չեն ներկայացնում:
Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` Ռուսաստանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծումը պայմանավորված է քաղաքական խնդիրներով:
Ինչպես նշել է «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլխան Շաինօղլուն, երբ դժգոհություններ են առաջանում երկու երկրների միջև, դրանք հաճախ բաց ձևով չեն արտահայտվում.
«Հստակ արգելքների ճանապարհով երկրները հասկացնել են տալիս, որ հարաբերություններում խնդիրներ կան: Ռուսաստանը հաճախ է օգտագործում հենց այդ միջոցը»:
Քաղաքագետի կարծիքով` Ռուսաստանն այսկերպ ազդանշաններ է ուղարկում Ադրբեջանին:
«Երևում է, որ Հայաստանի սադրիչ գործողություններին ադրբեջանական կողմի համաչափ պատասխանները նյարդայնացնում են Ռուսաստանի որոշ շրջաններին»,-կարծիք է հայտնել փորձագետը: