Ստամբուլի Կետիկփաշա թաղամասում գտնվող հայկական պատմական Մեսրոպյան դպրոցը հյուրանոց կդառնա:
Կետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցի հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլին թեմայի շուրջ զրուցել է Hürriyet Daily News պարբերականի հետ և բացատրել, որ այդ քայլի հիմնական պատճառը վերջին տարիներին կառավարության կողմից որդեգրած ավելի մեղմ քաղաքականությունն է:
«Մինչ 2008 թվականը, մենք չէինք կարող անգամ մի մեխ խփել մեր սեփականությունը հանդիսացող շինության վրա, սակայն 2008-ից հետո ամեն ինչ փոխվեց: Նախորդ տարի ընդունված Հիմնադրամների օրենքի շնորհիվ կարող ենք վերադարձնել մեր սեփականությունը»,-ասել է նա:
Տվյալ շինությունը, որը պետք է հյուրանոց դառնա, կառուցվել է 1900-ականներին, մինչ 1983 թվականն այն ծառայել է որպես դպրոց, սակայն փակվել է աշակերտների բացակայության պատճառով:
Այնուհետև շենքն օգտագործվել է որպես կոշիկի խանութ:
Նոր հյուրանոցից ստացված եկամուտը, ըստ Շանլիի, փոխանցվելու է Ստամբուլի հայկական հիմնադրամներին և օգտագործվելու է կարիքավոր մարդկանց օգնելու համար:
Շանլին հավատացած է, որ հյուրանոցը մեծ պահանջարկ կունենա քաղաքի կենտրոնում գտնվելու պատճառով:
«Հուսով եմ քաղաքային իշխանությունները շուտով մեզ համար դրական որոշում կկայացնեն նաև Բեյօղլու թաղամասում գտնվող Թոքատլյան հյուրանոցի վերաբերյալ, որը ավերակների է վերածվել և կկարողանանք այն կրկին շքեղ հյուրանոցի վերածել, ինչպես նախկինում», – ասել է հիմնադրամի ղեկավարը:
Շանլին վստահություն է հայտնել, որ եթե Թոքատլյանը նույնպես նորացվի Կետիկփաշայի հյուրանոցի նման, հայկական համայնքն այլևս ֆինանսական խնդիրներ չի ունենա:
«Ներկայումս մենք խնդիրներ ունենք մեր եկեղեցիների, դպրոցների, կարիքավոր ընտանիքների համար միջոցներ հայթայթելու հարցում: Մենք փորձում ենք ծայրը ծայրին հասցնել ներդումներինց և որոշ կոնկրետ միջոցառումների ստացվող հասույթների շնորհիվ», – իրավիճակը բացատրել է Հարություն Շանլին: