Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին շրջանում նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել: Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ հենց այդ զարգացումներն են պատճառը, որ ինքն իր ելույթը սկսում է ոչ թե ներքին, այլ արտաքին խնդիրներին անդրադառնալով:
«Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված չորրորդ համատեղ հայտարարությունը, որն, իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ չընկալվեց Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների և լրագրողների կողմից` դիտվելով որպես լուրջ հետևանքներ չենթադրող հերթական բովանդակազուրկ մի փաստաթուղթ։ Ես կտրականապես դեմ եմ այս գնահատականին, որովհետև ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունն իր դարձվածաբանությամբ (ֆրազեոլոգիայով) էապես տարբերվում է նախորդ երեք հայտարարություններից», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա հատվածներ է մեջբերել նախորդ երեք հայտարարություններին` դրանք համեմատելով Լոս-Կաբոսում արված հայտարարության հետ, որում, մասնավորապես, ասվում է.
«Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, որոնք ձեռնարկելու կոչով մեր երկրները հանդես էին եկել 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արած համատեղ հայտարարությամբ։… Մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում կատարել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը արագացնելու վերաբերյալ պարտավորությունը, որը նրանք ստանձնել են 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությամբ։ Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
ՀՀ առաջին նախագահը նշել է, որ եթե հայտարարությունը դիվանագիտական լեզվից փոխադրելու լինենք սովորական լեզվի, կստացվի մոտավորապես հետևյալը.
«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները, թեև մեղմ ասած, ափսոսանք են հայտնել, բայց իրականում վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին.
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը.
Շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները.
Խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը.
Եվ վերջապես, չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»։
«Ավելի կոնկրետ՝ նախագահներ Օբամայի, Պուտինի և Օլանդի ուղերձի իմաստը հետևյալն է. «Պարոնայք Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիեւ, բավական է խաղաք մեր համբերության հետ և հերիք է մեզ ձեռ առնեք։ Կա՛մ խելքներդ գլուխներդ հավաքեք, կա՛մ էլ ձեզ հետ կխոսենք ուրիշ լեզվով», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Նրա խոսքով` թե որն է այդ ուրիշ լեզուն, կարելի է գուշակել Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված որոշ հեղինակավոր փորձագիտական գնահատականներից։
«Դրանց շարքում հատկապես առանձնանում է հայտնի վերլուծաբան, ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից, Ուեյն Մերիի մայիսի 14-ին հրապարակած ուշագրավ հոդվածը, որի բովանդակությունը կարելի է ամփոփել հետևյալ կետերում.
1. Մինսկի խումբը թեև բարեխղճորեն աշխատել է կարգավորման բովանդակության և տեխնիկական մանրամասների ուղղությամբ, բայց քսան տարի անց նկատելի առաջընթաց չի ապահովել երկու կողմերի հանրային հիասթափությունը փարատելու հարցում։ Տասնամյակներ տևող միջնորդական առաքելությունը ավելի շուտ համընդհանուր ցինիզմ, քան խաղաղ ելքի հույս է առաջացրել։ Միջազգային միջնորդությունը Բաքվի և Երևանի իշխանություններին հնարավորություն է տվել խուսափելու սեփական ժողովուրդներին փոխզիջումների նախապատրաստելու իրենց բուն պատասխանատվությունից։ Մինսկի խումբն օգտագործելով որպես քող, երկու կառավարությունները թեև, որպես կանոն, պատրաստակամություն են հայտնել առաջընթաց ապահովելու, բայց ձախողման մեղքը մշտապես բարդել են մյուս կողմի վրա։ Որոշ ավագ փորձագետների կարծիքով՝ Մինսկի խմբի լուծարումը թեկուզ ժամանակավորապես կարող էր նույնիսկ բարելավել դիվանագիտական հեռանկարները։
2. Անցած քսան տարիների ընթացքում ամերիկյան, ֆրանսիական և ռուսական վարչակազմերը, հակամարտող կողմերին ներգրավելով նախագահական մակարդակի հանդիպումներում, փորձել են դիվանագիտական բեկում ապահովել Ղարաբաղի հարցում։ Դժբախտաբար, նախագահական այդ նախաձեռնությունները ձախողվել են, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կամեցել կամ անկարող են եղել քաղաքական կամք կամ քաջություն դրսեւորել՝ ընդունելու այդ նախաձեռնությունները։ Զույգ կառավարություններն էլ, թեև քաջ տեղյակ են Մինսկի խմբի կողմից մանրամասնորեն մշակված կարգավորման ծրագրին, բայց ցանկություն չունեն այդ մասին տեղեկացնելու իրենց ժողովուրդներին, քանի որ երկու կողմն էլ ստիպված են գնալու մեծ փոխզիջումների։ Միջնորդները մինչ այժմ ներգրավել են միայն կառավարություններին, և ոչ թե ժողովուրդներին։ Այն, ինչ այսօր պահանջվում է, միջնորդությունն անվերջ շարունակելու փոխարեն, Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման հասնելու համար, արտաքին ուժերի զորեղ համագործակցությունն է՝ համաձայնագրի վրա հիմնված լուծման խթանման, եթե ոչ պարտադրման նպատակով։ Իրավիճակն արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն, անգամ գերտերությունների միջև հնացած տիպի գործարք-համաձայնություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու համար վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը։
3. Եթե այս ամենը չարվի, ապա հեղինակի կարծիքով, այլընտրանքը մնում է պատերազմը, որի հավանականությունը ոչ միայն չի փոքրացել, այլ քանի գնում մեծանում է՝ նախեւառաջ դիվանագիտական ջանքերի վիժեցման, իսկ ապա՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սկսված սպառազինությունների թեժ մրցավազքի, երկուստեք թշնամանքի խորացման, մաքսիմալիստական նկրտումների արտահայտման, և մանավանդ հրադադարի ինտենսիվացած խախտումների եւ սահմանային բախումների ու միջադեպերի հաճախակիացման պատճառով, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։ Ուստի, ըստ հոդվածագրի, ժամանակն է, որ արտաքին ուժերն սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն, քանի որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը երրորդ տասնամյակ՝ լուծում չէ, ոչ էլ նոր պատերազմի սպասումը։
Ինչպես տեսնում ենք, Ուեյն Մերրիի նախօրոք հրապարակված հոդվածը բավականին համահունչ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը։ Այս հանգամանքը չի նշանակում, անշուշտ, որ դրանից հեռուն գնացող հետեւություններ պետք է անել։ Բայց որ և’ նախագահների հայտարարությունը, և’ խնդրո առարկա հոդվածը լուրջ մտորումների տեղիք են տալիս, կասկածից վեր է։ Եթե ոչ այլ բան, ապա պարզ է մի անառարկելի իրողություն, որ թե’ Սերժ Սարգսյանի, թե’ Իլհամ Ալիևի մանևրի դաշտը գնալով նեղանում է», – ելույթի առեաջին հատվածը եզրափակել է Լևոն Տեր-Պետրոսյանը։