«Եղնիկներ» զորամասում շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը թափած ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը փակվել է:
Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին Epress.am-ին հայտնել են ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի բաժնից:
Թովմասյանը մեղադրվում էր դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու մեջ, ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Արմեն Թովմասյանը երկաթյա շղթայով ու ձեռքով հարվածել էր Նարեկ Ավետիսյանի դեմքին` ջնջխելով նրա աջ ակնագունդը:
Դեպքը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Նարեկ Ավետիսյանը 14 օր դիրքերում մնալուց հետո իջել էր ճաշարան հերթապահության: Ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը նրան ինչ-որ հանձնարարություն էր տվել, զինվորը հրաժարվել էր կատարել հանձնարարությունը, որից հետո, նախնական տվյալներով, ճաշարանի պետը շղթայով խփել էր և Ավետիսյանի աչքի պարունակությունը տեղում թափվել էր: Նրան նախ տարել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետեւ տեղափոխել Երևան:
Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, իսկ հետագայում` այս տարվա մարտի 5-ին մշտական պրոտեզ էին տեղադրել:
Չնայած աչքի պրոթեզը հիմնական է համարվում, այնուամենայնիվ, կախված վերքի թարմությունից՝ 6-8 ամիս հետո կրկին կարիք կլինի չափսերը վերանայելու: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել էր Նարեկ Ավետիսյանի բժիշկ Գագիկ Գասպարյանը:
«Թեև արտաքին տեսքը 100 տոկոսով չի վերականգնվել, ուղղակի չիմացող մարդու համար տարբերությունը գրեթե չի զգացվի: Ամեն ինչ նորմալ է, սակայն արհեստականն առողջ աչքին չի փոխարինի՝ այն տարբեր լուսավորության տակ տարբեր է: Տրամադրության անկման ժամանակ առողջ աչքը կարող է լարվել , կարմրել, իսկ արհեստականը՝ ոչ: Նարեկի պարագայում, քանի որ կոպը վնասված է և լիարժեք չի թարթվում, ուստի մեկ տարի կամ տարի երկու ամիս անց, նաև կախված առողջական վիճակից, խնամքից, արտաքին վնասվածքներից, պրոթեզը ենթարկվելու է փոփոխության: Պրոթեզը պետք է թարմացվի 1,5 տարին մեկ անգամ», – վիրահատությունից անմիջապես հետո պատմել էր Գասպարյանը: