«Ասիկ, Գայանե, մենք հեռանում ենք, մեզ կներեք: Աստված Ձեզ պահապան»: Ընտանիքի իգական սեռի ներկայացուցիչներից այս երկտողում ներողություն խնդրելով` երեկ Երևանի Էրեբունի համայնքի բնակիչներ 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին` 30-ամյա Արթուր Գալուստյանը, կախվելու միջոցով ինքնասպան են եղել իրենց առանձնատանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ, ըստ որոշ տեղեկությունների, որդին նախկինում էլ ինքնասպանության փորձ է արել` երակները կտրելով: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բացվել է մի հանցագործություն, որին ինքը մասնակից է եղել: Գալուստյանն իր ընկերոջ հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված «Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով հափշտակել էր ավտոմեքենայում եղած 56 մլն դրամ գումար: Նշված գումարը պատկանում էր «Մանանա Գրեյն» ընկերությանը և այդ գումարը ընկերության աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ: Ոստկանությունը կալանավորել է Գալուստյանին և ընկերոջը, սակայն հունիսի 21-ին Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Ոստիկանությունից թերթին ասել են, որ երիտասարդին բաց են թողել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա օժանդակել է նախաքննությանը:
«Թերևս այդ «օժանդակության» հետևանքով Գալուստյանը հայտնվել է ազատության մեջ, իսկ ընկերը` ճաղերի հետևում: Գուցե հենց այդ «օժանդակությունն էլ» դեր է խաղացել ինքնասպանության հարցում», – եզրահանգում է «Հրապարակը»: