Նախկին քաղբանտարկյալ, Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդան Մալխասյանը կցանկանար, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով իրեն հասանելիք գումարը տրամադրվեր ոչ թե պետության գանձարանից, այլ դատավորի գրպանից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Մալխասյանը:
«Ճիշտ կլիներ այդ դատավորին պիտի գործից ազատեին, եթե նա երեք-չորս այդպիսի վճիռներ է կայացնում, որ Եվրոպական դատարանը բեկանում է», – ասել է ՀԱԿ անդամը: Նշենք, որ Մալխասյանի գործով դատավորն է եղել Մնացական Մարտիրոսյանը. 2006 թվականին Մալխասյանին մեղադրանք էին առաջադրել և հետագայում դատապարել սահմանադրական կարգը տապալելուն ուղղված բռնության կոչեր անելու համար (301 հոդված): Նա անազատության մեջ էր անցկացրել 2 տարի` 2006-ի դեկտեմբերի 9-ից մինչև 2008-ի դեկտեմբերի 10-ը: Նույն գործով մեղադրվել էր նաև Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Որպես մեղադրանքի հիմք էին ընդունվել նրանց հրապարակային ելույթները:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղբանտարկյալը նշել է, որ ինքը երկու հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Մեկը` կապված իմ խափանման միջոցի հետ: Նշել էինք, որ խափանման միջոցը սխալ է կիրառվել, ինձ վեց ամիս անհիմն կալանքի տակ են պահել: Մյուսն ուղարկել ենք ամբողջ քրեական գործի հետ կապված, որովհետև քրեական գործն էլ էր շինծու: Հետագայում էդ հոդվածը, որով ինձ դատապարտեցին, ՍԴ-ն փոխեց: Գտան, որ այդ հոդվածի մեջ սխալ դիսպոզիցիաներ կան: Եվրադատարանը վճիռը կայացրել է խափանման միջոցի հետ կապված, ամբողջ քրեական գործը դեռ չի նայել ԵԴ-ն: Մենք հայցի մեջ հատուցման համար պահանջել էինք 110 000 եվրո, բայց իրենք հատկացրել են 4500: Ես մտահոգ չեմ, որ քիչ են հատկացրել, ես ուղղակի մտածում եմ, որ կարևորը, որ իմ նկատմամբ սխալ խափանման միջոց են կիրառել: Փաստ է, որ ՀՀ իշխանությունները գործում են իրենք իրենց դեմ, իրենց պետության ու ժողովրդի դեմ, որովհետև մենք դատի ենք տալիս ոչ թե դատարաններին, այլ Հայաստանի Հանրապետությանը, և էդ փողերը, որ պետական գանձարանից վերցնում են, դա իմ, քո, ժողովրդի փողերն են, դա մեր հարկատուների փողերն են: Հիմա այս երկրում արդարադատություն չկա, հայ ժողովուրդը տուժում է: Եթե դա չկա, մնացած ոչ մի բան էլ չի կարող լինել, դրանք բոլորը ածանցյալ են»,- ասել է Վարդան Մալխասյանը:
Նա ընդգծել է, որ վճռից մասամբ գոհ է, բայց դժգոհ է Հայաստանի արդարադատության համակարգից, քանի որ երկրի ներսում հնարավոր չէ հասնել արդարության, քանի դեռ դատարաններն իշխանության կցորդն են և քաղաքական երանգ ունեցող գործերը քննում են ՀՀ նախագահի նստավայրից ստացած հրահանգով: