WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի պատրաստվում հանձնվել բրիտանական ոստիկանությանը: Այս մասին նա հայտարարել է BBC News-ին տված հարցազրույցում:
Այս պահին նա շարունակում է պատսպարվել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը: Ասանժն այդ երկրից քաղաքապան ապաստան է խնդրել:
Լոնդոնի ոստիկանությունն արդեն ծանուցում է ուղարկել Ասանժին` պահանջելով ներկայանալ ոստիկանության բաժին, քանի որ նա խախտել է գրավով ազատ արձակվելու պայմանները: Եթե Ասանժը դա չանի, ապա ոստիկանությունը կարող է ձերբակալության հրաման արձակել:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Լոնդոնի դատարանը որոշում էր կայացրել Ասանժին արտաքսել Շվեդիա, որտեղ նա մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ: Ասանժը պնդում է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է: Նա մտավախություն ունի, որ Շվեդիայից իրեն կարտաքսեն ԱՄՆ, որտեղ Ասանժին կարող են մեղադրանք առաջադրել լրտեսության համար:
Այս պահին Էկվադորի իշխանությունները քննարկում են Ասանժին ապաստան տրամադրելու հարցը: