Երեկ երեկոյան նախագահական նստավայրում բեմադրվեց «Ռուբեն Հայրապետյանի հրաժարական» ներկայացումը: Այս մասին իր առաջնորդողում գրել է «Հայկական ժամանակը»:
«Ռուբեն Հայրապետյանը ժամը 20-ին մոտ դուրս եկավ նախագահականից, լրագրողներին ոչ մի մեկնաբանություն չտվեց, ասաց միայն, որ շուտով հայտարարություն կտարածվի, և ուղիղ 20 րոպե անց հրապարակվեց սրտաճմլիկ մի հայտարարություն` «ես սգում եմ» թեմայով:
Հայտարարությամբ Ռուբեն Հայրապետյանը ազդարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Այսպիսով, հանրային պահանջի մի մասը կարելի էր կատարված համարել, եթե չլինեին մի քանի կոպիտ նրբություններ: Նախ, որպեսզի Հայրապետյանը զրկվի իր վայր դրած մանդատից, պետք է որոշակի իրավական գործընթացներ իրականանան:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, պատգամավորի մանդատից հրաժարականը գրավոր ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, որը դա հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում: Դրանից հետո, եթե հրաժարական ներկայացրած պատգամավորը 15 օրվա ընթացքում ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա` համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ ԱԺ նախագահը արձանագրություն է կազմում և ուղարկում ՀՀ ԿԸՀ: ԱԺ առաջիկա հերթական նիստը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, այդ ժամանակ պետք է մեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան: Եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն այդ ժամանակ հրապարակվի, ապա կարող է ընդունված համարվել սեպտեմբերի 25-ից հետո: Մինչ այդ, Ռուբեն Հայրապետյանը ցանկացած պահի կարող է ետ վերցնել իր հրաժարականը: Իհարկե, ԱԺ-ն կարող է նաև արտահերթ նիստ հրավիրել, որտեղ էլ կհրապարակվի Հայրապետյանի որոշումը, սակայն ներկա պահին հեռանկարում նման նիստ գումարելու հնարավորություն դեռևս չի նշմարվում:
Այնպես որ` բացառված չէ, որ նա մանդատից զրկվի միայն սեպտեմբերի վերջին: Եթե այդ ընթացքում նա, իհարկե, չփոշմանի: Իսկ դա նույնպես շատ ուշագրավ պահ է: Խնդիրն այն է, որ փոշմանելու հարցում նրան հավասար դժվար թե գտնվի: Երևի չեք մոռացել, որ նա հրապարակավ հայտարարել էր, թե պատգամավորության թեկնածու չի առաջադրվելու: Հետո փոշմանեց, իբր` Լֆիկ Սամոն համոզեց, ու ինքն առաջադրվեց: Հետո հրապարակավ հայտարարեց, թե պատրաստ է բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի առաջին 10 տեղերում ընդգրկված թեկնածուներից յուրաքանչյուրի հետ: Հետո` երբ առաջարկը ընդունվեց, նա փոշմանեց: Մի խոսքով, բացառված չէ, որ ի վերջո, ասենք, Լֆիկ Սամոն նրան կրկին համոզի փոշմանել ու մանդատից չհրաժարվել: Բացառված չէ նաև մեկ այլ տարբերակ: Մի քանի ամիս անց Ռուբեն Հայրապետյանը կնշանակվի նախարար կամ, ասենք, վարչապետ: Այսօր դա աբսուրդ է թվում, բայց Գագիկ Բեգլարյանն էլ հայտնի պատմությունից հետո հրաժարական տվեց երևանի քաղաքապետի պաշտոնից, իսկ հիմա ՀՀ կապի և տրանսպորտի նախարարն է:
Բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ մանդատը վայր դնելու Հայրապետյանի որոշումը արդեն իսկ նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, ու «Հարսնաքարի» դեպքով ընթացող նախաքննությունը նույնիսկ չի էլ փորձի պարզել` Ռուբեն Հայրապետյանը ռազմաբժիշկներին ծեծելու հրահանգ տվե՞լ է, թե` ոչ: Այդ հարցը այլևս փակ է, և դա կասկածից վեր է: Համենայն դեպս, հաշվարկն այն է, որ « Հարսնաքարի» դեպքով պայմանավորված հանրային վրդովմունքը այս հրաժարականով կմարի, իսկ Նեմեցը առաջվա պես կբուծի իր բանդեռլոգ ախրաննիկներին ու պետք եղած ժամանակ քսի կտա ում վրա ուզենա, և դրա համար պատգամավորի մանդատ նրան պետք չէ», – գրում է թերթը: