Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խրախուսում է, որ գալիք տարի անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես գան միասնական թեկնածուով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Կոնգրեսի համակարգող և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ընդգծելով, որ իրենց համար ամենակարևոր խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը և «ռեժիմից» ազատվելը, Զուրաբյանը շարունակեց. «Ահա մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը, մի կողմից, ունի ամենամեծ կոնսոլիդացիոն հնարավորությունը, համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունը այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից` դա լինի մի մարդ, որը անկաշառ է, ռեժիմի հետ որևէ գործարքի չի գնա և վճռական կլինի մինչև վերջ։ Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»։