Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարների գործով մեղադրվող Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, իր ալիքն է բացել YouTube-ում, որտեղ հրապարակված հարցազրույցում նա հայտնում է, որ գործի քննությունը դատարանում հայտնվել է փակուղու մեջ. որդին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կարել է բերանը և հուլիսի 17-ից հայտարարել անժամկետ հացադուլ:
«Արայանն այդպիսով իր բողոքն է արտահայտում ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի դեմ: Ավելին, Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ է ուղարկել բանտից», – նշված է Արայանների ընտանիքի տարածած հարցազրույցում:
Նամակում ասվում է հետևյալը. «Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
Հարցազրույցում նա խնդրում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին միջամտել և օգնել իր որդուն:
Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու մեջ: