Սերոբ Բոզոյանը, ով մեղադրվում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու և իրացնելու մեջ` կապված մայիսի 4-ին ՀՀԿ համերգ-հանրահավաքին պայթած փուչիկների հետ, երևանյան փողողներից մեկի մայթեզրին նստած բերանով, այլ ոչ թե գազով փուչիկ է փչում և վաճառում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի թղթակիցը երեկ գտել է Բոզոյանին, ում ազատել են չհեռանալու մասին ստորագրության դիմաց, և զրուցել է նրա հետ:
«Այս մարդու «աշխատավայրը» միանգամից տրամաբանական մի շարք հարցեր է առաջացնում: Արդյո՞ք այս մարդը այդ վայրում կարող էր մի քանի հազար փուչիկ փչել, ու արդյո՞ք այդքան բարդ էր նրան գտնելը, որ ոստիկանությունը միայն հուլիսի 18-ին է նրան մեղադրանք առաջադրել, արդյո՞ք նա հայկական արդի արդարադատության համակարգում քավության հերթական նոխազը չէ», – գրում է թերթը:
«ՀԺ»-ի թղթակիցը նշում է, որ չափազանց խեղճ և վախեցած մարդը միանգամից հրաժարվել է պատասխանել հարցերին:
«Միակ բանը, որ նա կրկնել է` այն է, որ ինքը հոգնել է: «Ես չեմ ուզում խոսամ: Էս երեք ամսում հոգիս դուրս եկավ: Չեմ ուզում ոչ խոսամ, ոչ ինչ-որ բան ասեմ»: Արդյո՞ք իսկապես ինքն է փչել փուչիկները, եթե՝ այո, ապա` որտե՞ղ և ինչպե՞ս, արդյո՞ք ինքը գիտեր, որ փուչիկները լիցքավորում է վտանգավոր գազով, այդ ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ-ն 7000 փուչիկ է պատվիրել հենց իր մոտ», – նշում է հոդվածագիրն` ընդգծելով, որ այս և մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան:
Թերթը նաև ներկայացնում է Բոզոյանի հետ երկխոսությունն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է պատասխանել վերոնշյալ հարցերին:
– Ձեզ սպառնացե՞լ են, որ որևէ բան չասեք:
– Ի՞նչը պետք ա սպառնան: Ինչի՞ տեր եմ, որ ինչին էլ սպառնան: Հոգնել եմ արդեն ամեն ինչից, ուզում եմ` մեռնեմ գնամ: Չգիտեմ` ինչ անեմ:
-Արդա՞ր է, որ ձեզ մեղադրանք են առաջադրել:
-Էդ հետո կերևա:
-Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք:
-Այ ցավդ տանեմ, ես ինձ վատ եմ զգում հիմա, չեմ ուզում խոսալ: Մեծ դժբախտություն է տեղի ունեցել: Ըտեղ դիտավորություն կա՞: Բոլորին էլ պարզ ա, որ դժբախտություն ա տեղի ունեցել: Վերևը Աստված կա, ինքը գիտի, թե ինչ ա եղել: Ես ի՞նչ կարամ անեմ: Չեք պատկերացնում, թե ինձ համար ինչ ծանր ա, ինչ դժվար ա:
– Ծանր է ու դժվար, քանի որ ձեզ մեղավո՞ր եք զգում, թե՞ ծանր է, որ ձեզ անարդարացի են մեղադրում:
– Ամեն ինչն էլ: Ամեն ինչն էլ:
– Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք այս դեպքի համար:
«Թղթակցի այս հարցին ի պատասխան` նա դառը ժպտացել է ու հեռացել է», – եզրափակում է թերթը: