Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ է հայտարարել 38-ամյա Դավիթ Ծաղիկյանը, ով պահանջում է վերադարձնել իրենից խլած 6-ամյա որդուն:
Ծաղիկյանը պնդում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունն ունեցող իր նախկին կինը հասել է անօրինական դատական վճռի, թե իրենց երեխան իր կենսաբանական որդին չէ, ուստի՝ նա չունի հայրական իրավունքներ:
«Դատարանում կինս ու իր հայրը ասացին, որ քնել են իրար հետ, և երեխայի հետ ես կապ չունեմ: Դատավոր Արսեն Բաբայանը նշանակել է փորձաքննություն՝ թուքի, մազի ու քրտինքի, իսկ Շոթա Վարդանյանի ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնը՝ առանց ինձնից որևէ փորձանմուշ վերցնելու, որոշել է, որ ես չեմ երեխայի հայրը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Ծաղիկյանը:
Մինչ ծայրահեղ միջոցի՝ հացադուլի դիմելը Ծաղիկյանը նամակներ է հղել ՀՀ Գլխավոր դատախազությանը, Մարդու իրավունքների գրասենյակին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԱԾ-ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Տղամարդը նաև բողոքել է, որ իր նախկին կնոջը, ով չունի բարձրագույն կրթություն, նշանակել են Երևանի 34 դպրոցի տնօրեն: ԱԱԾ-ի դիմաց նստացույց անելու շնորհիվ՝ Ծաղիկյանը հասել է այն բանի, որ կնոջը իր դիմումի համաձայն հեռացրել են աշխատանքից և հարուցել այդ առթիվ քրեական գործ:
Ծաղիկյանն այժմ պահանջում է նոր քննություն: Նա պատրաստակամություն է հայտնում հոգալ արտասահմանյան գիտաբժշկական հաստատություններում ԴՆԹ անալիզ անելու ծախսերը, սակայն գործը վարույթ հրաժարվում են ընդունել:
Հացադուլ անող քաղաքացու խնդրին ծանոթանալով՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոստացել է հարցում անել և տեղեկանալ, թե ինչ ընթացքի մեջ են երկու գործերը: