Այսուհետ սիրիահայերը հայկական անձնագիր ստանալու համար ստիպված չեն լինի գալ Հայաստան. նրանք կարող են դիմել Սիրիայում կամ Լիբանանում դեսպանատներ: Այս մասին այսօր սիրահայերի` Հայաստան տեղափոխվելու խնդրին նվիրված քննարկմանը հայտարարել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Քննարկմանը մասնակցում էին Հալեպում ծավալվող դեպքերից հետո Հայաստան տեղափոխված սիրիահայեր, ընդ որում` մասնակիցները ներակայացնում էին Սիրիայում ապահովված վերնախավը:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է սիրիահայերին աշխատանքի տեղավորելու հարցին` նշելով, որ իրենք պետք է նախարարություն դիմեն ըստ մասնագիտությունների: Հակոբյանի խոսքով` մինչ այսօր աշխատանքի է տեղավորվել 15 սիրիահայ, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, 1700 սիրիահայ է եկել Հայաստան վերջին ամսվա ընթացքում:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են դպրոցներում տեղավորվելու սիրիահայ երեխաները: Ծնողները դիմել են նախարարին` խնդրելով ընդունել միասնական կրթական ծրագիր, որպեսզի երեխաները կարողանան նույն դպրոց հաճախել, սակայն առայժմ ավելի հավանական է, որ նրանց դպրոցներ ընդունեն ըստ բնակության վայրի:
Epress.am-ի հետ զրույցում Սիրիայից ժամանած Արփինե Կարապետյանը, ով մասնակցում էր այսօրվա քննարկմանը, ասել է, թե իրենց մեծ մասը Հայաստանում մնալ չի պատրաստվում, մնալու են այնքան, մինչև իրավիճակը կարգավորվի: «Հալեպում, օրինակ, պետական հիվանդանոցում բժիշկը ստանում է 2 ժամվա համար 500 եվրո աշխատավարձ, իսկ Հայաստանում` ամսական են այդքան ստանում: Մեծ մասը սեփական կլինիկա ունի ու ավելի շատ է ստանում: Եթե պատերազմը երկար ձգվի, ես իմ երեխաներին Հայաստանում կթողնեմ, աշխատանքի կմեկնեմ Եվրոպա»,- ասել է Արփինե Կարապետյանը:
«Մենք տեղավորման կարիք չունենք, ամեն մեկս մեր միջոցներով վարձով մնում ենք: Ձեր հանրակացարաններում սկի ուսանողները չեն մնում, ոնց կապրենք մենք: Ուղղակի նախարարուհին պետք է վարչապետին հաշվետու լինի, թե մի բան արել է, դրա համար է ժողով կանչում»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է սիրիահայ գործարար Գևորգ Կոստանդյանը:
Ուսուցիչ Վահան Միքայելյանն էլ Հրանուշ Հակոբյանին խնդրել է լրագրողներ ուղարկել Սիրիա, քանի որ, նրա խոսքով, հայկական հեռուստատեսությունը իրականությանը չհամապատասխանող նորություններ է հաղորդում այնտեղից: